«Չորորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` իր հանդեպ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու փաստի առթիվ ՀՀ ՔՕ 164-րդ եւ 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Անի Գեւորգյանի հաղորդման` 2014 թվականի փետրվարի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են իր` լրագրողի մասնագիտական գործունեությանը, փորձել են խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը եւ բռնություն գործադրել իր նկատմամբ:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստները Սարյան փողոցում ժամը 18:00-ի սահմաններում մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս վեճի էին բռնվել մի խումբ տղաների հետ, որից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պարզվել է, որ այդ տղաները ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ են: Նրանց թվում են Հայկ Ղեւոնդյանը՝ Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը, Դանիել Հայրապետյան՝ ուսխորհրդի անդամ, Գեւորգ Սողոմոնյանը՝ ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ:

Համացանցում հայտնվել էր նաեւ տեսանյութ, որտեղ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն է գործադրվում: Լրագրողի խոսքով, ոստիկանները բաժնում խլել էին իր տեսախցիկը, իսկ բաժնի պետը հարվածել էր նրան:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am