Ես այստեղ ոչ մի նոր բան չեմ տեսնում, մենք գտնվում ենք նույն, հին եւ խայտառակ վիճակներում, սա վառ արտացոլում է մեր «վերնախավի» իրական պատկերի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Հրայր-Թովմասյան-Արմեն Ռուստամյան «հայհոյախառը կռվին»:

Նա շեշտեց, որ  «մեր ազգային ողբերգությունը մեծ հաշվով մեր վերնախավի բացակայության մեջ է, մարդիկ, ովքեր ինքնակոչ, բռնի ուժով, կեղծիքներով, ստով, փողով առաջնորդում են, տանում են ժողովրդին հենց այնտեղ, որտեղ մենք գտնվում ենք, սա ազգային խայտառակություն է եւ դրան ավելացնել ոչ մի բան հնարավոր չէ»:

Դիտարկմանը, թե նման բան կարելի էր սպասել «մականունավոր» պաշտոնյաններից, շատ ավելի քիչ՝ Արմեն Ռուստամյանից եւ Հրայր Թովմասյանից, «Նախախորհրդարանի» անդամն այսպես հակադարձեց. «Եթե խնձորների մեջ մի փթած խնձոր է հայտնվում, նա չի առողջանում հարեւան խնձորների ազդեցությունից, ընդհակառակը նա սկսում է փչացնել մնացածներին: Ամենափտած մարդիկ, ազգի տականքը հայտնվել է առաջնորդող խմբում եւ վերից վար ամեն ինչ փթում է, ոչ մի բանից զարմանալ պետք չէ, արդարադատության նախարարը անարդարության նախարար կարելի է համարել, ամեն ինչը աբսուրդի է վերածվում եւ դա քննարկելը անիմաստ է, համակարգը փտած է վերից վար, փտած, ժանգոտված խողովակներով մաքուր ջուր չի կարող հոսել, մենք պետք է փոխենք համակարգը»:

Կհասնի այս ամենը ձեռնամարտի, թե ոչ, Տիգրան Խզմալյանին դա չի հետաքրքրում. «Մենք հասել ենք այն աստիճանի, որ օրական 300-400 մարդ է լքում Հայաստանը, այնպես որ կհասնի ձեռնամարտի, թե ազատ ոճի ըմբշամարտի, ինձ դա բոլորովին չի հետաքրքրում, մենք երկիր են կորցնում, դրա շուրջն է պետք մտահոգվել եւ համախմբել, իսկ մի քանի կերակրատաշտակի մոտ գտնվող ազգի ընտրյալները իրար հետ մրցելով որքան կլափեն դա ոչ ինձ, ոչ ժողովրդին այդքան էլ չի հետաքրքրում»,- նկատեց «Նախախորհրդարանի» անդամը:

Նշենք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով արդարադատության նախարարի հայտարարությանը, ասել էր, թե սա ամբարտավան պահվածք է, եւ աննախադեպ իրավիճակ։ «Արդարադատության նախարարը պետք է որ միայն պաշտպանի սահմանադրական նորմերը։ Խորհրդարանական չորս քաղաքական ուժերը ներկայացնում են 53 պատգամավոր, եւ նախարարի ասածը վիրավորում է ամբողջ Ազգային Ժողովին եւ այդ չորս քաղաքական ուժերի հետեւում կանգնած ժողովրդին»։

Ըստ Ա. Ռուստամյանի, Թովմասյանը վերջում սկսել է հասկանալ, թե ինչ է ասել եւ փորձել է բացատրել ղալաթ բառի նշանակությունը։  «Հրայր Թովմասյանը փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է՝ սխալ են արել: Փոխանակ ասի սխալվել եմ, լեզվի սայթաքում է, ավելի է խորացնում իրավիճակը: Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում, չաթլախ, չնեղանաք»,- հայտարարել էր Արմեն Ռուստամյանը: Այնուհետեւ նա պարզաբանել էր, թե «չաթլախ» բառը տաճկերեն է, որը նշանակում է «ճաք տված», կարող եք բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել բառի բացատրությունը: