Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ որդու՝ Բիլալ Էրդողանի միջեւ հեռախոսազրույցի ձայնագրության հայտնվելը ինտերնետում Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ youtube-ում հայտնված հեռախոսազրույցներն ըստ պնդումների տեղի են ունեցել «Մեծ կաշառք» գործողության օրը՝ 2013-ի դեկտեմբերի 17-ին։ Տարբեր ժամերի տեղի ունեցած 5 հեռախոսազրույցների ժամանակ վարչապետ Էրդողանը որդուն հրահանգել է մոտը եղած կանխիկ 1 մլրդ դոլարը տեղափոխել մի քանի գործարարների։ Հեռախոսազրույցներից վերջինում Բիլալ Էրդողանը հորը հայտնում է, որ մնացել է 30 մլն եվրո, որ այն եւս կտեղափոխի անվտանգ տեղ։
Նշվում է, թե այս հեռախոսազրույցների հետ մեկտեղ կան նաեւ տեսագրություններ, թե ինչպես է Էրդողանի որդին տնից տեղափոխում գումարները։
Նշենք, Նշենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան «Մեծ կաշառք» անունը ստացած գործողությունների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Մեծ կաշառքի» 2-րդ փուլում Թուրքիայի վարչապետի որդու նկատմամբ եղել է ձերբակալման որոշում, սակայն դատախազներին աշխատանքից հեռացնելուց հետո նոր դատախազները չեղյալ են համարել այդ որոշումը։




























