Ես չեմ հիշում, որ խորհրդարանում այսպիսի աղմուկ բարձրացնեին այն ժամանակ, երբ վաճառվեց «ՀայՌուսգազարդի» 80 տոկոսը, ու հիմա չեմ հասկանում ինչի հետ է կապված այս աղմուկը: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ գազի ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու շուրջ քննարկումների ժամանակ:

Նրա խոսքով՝ եթե ժամանակավոր հանձնաժողովը աշխատի մամուլի համար ազատ ռեժիմով, ապա մինչեւ նախատեսված ժամկետը՝ նոյեմբերի 8-ը, չի բավականացնի: «Մենք բոլորս սիրում ենք խոսել տեսախցիկների ու լրագրողների առջեւ: Արդյունքում կխոսենք հանձնաժողովի աշխատանքի մասին: Եթե ուզում ենք տեսնել հանձնաժողովի արդյունավետ աշխատանք, պետք է աշխատենք փակ դռների հետեւում, հանձնաժողովի կազմում ընդգրկենք պրոֆեսիոնալների, որոնք գիտեն, որ շատախոսությունը վնասում է»,-ասել է նա:

Պատգամավորը նաեւ նշել է, որ խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի պահանջը, որ ժամանակավոր հանձնաժողովի նախագահի լինի իրենց ներկայաացուցիչը, անընդունելի է: «Խորհրդարանական մեծամասնությունը հենց նրա համար է մեծամասնություն, որ ոչ միայն հանձնաժողովի նախագահը լինի ՀՀԿ-ից, այլեւայն բավարար թվով անդամներ ունենա այդ հանձնաժողովում»,-ընդգծել է Մարգարիտ Եսայանը: