«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը մտադիր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ «Ֆեյսբուքում» քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ամենայն լրջությամբ ասաց Անի Զախարյանը։

«Եթե կա լուրջ խնդիր երկու երկրների միջեւ, որը շարունակվում է 20 տարի,  եթե ԵԱՀԿ Մինսկի խումբ գոյություն ունի, որը 20 տարում, ոչ մի արդյունք չի տվել, ուրեմն անհրաժեշտ է նոր ուղիներ փնտրել այս հարցում»,- ասաց Անի Զախարյանը՝ նշելով, որ այսօր մտադիր է «Ֆեյսբուքում» ընկերության առաջարկ ուղարկելԱդրբեջանի նախագահին:

Հարցին, թե իր կարծիքով Ալիեւը կընդո՞ւնի իր առաջարկը, Անի Զախարյանը պատասխանեց. «Եթե խելացի լինի, կընդունի։ Եթե ոչ, ինչ արած, մեր կուսակցության կողմից ավելի պաշտոնական ձեւով պետք է հիմնահարցի վերաբերյալ միջամտություն անել»:

Անի Զախարյանը չցանկացավ ասել, թե կոնկրետ  ինչ է քննարկելու Իլհամ Ալիեւի հետ:

«Առայժմ թող գաղտնիք մնա, թե ինչ ենք քննարկելու, հետագայում երբ ամեն ինչ լավ ընթանա, բոլորն էլ կիմանան»,-ասաց Անի Զախարյանը:

Եթե Ալիեւն ընդունի իր առաջարկը ՆՔՄ կուսակցության ղեկավարը «միանգամից չի անցնելու խնդրի քննարկմանը»։

«Ծանոթություն եմ ստեղծելու, որ նման քաղաքական ուժ գոյություն ունի Հայաստանում, այնուհետեւ որոշակի նախատրամադրվածություն, հետո նոր անցում կանենք ավելի պաշտոնական գործելաոճի եւ ձեւաչափի»,- ասաց նա։

Նրա կարծիքով` Ղարաբաղյան հարցում Ադրբեջանը դրսեւորում է ծայրաստիճան անհանդուրժողականություն. «Եթե ինչ-որ տեղ մեր իշխանություններին մեղադրում եմ մնացած բոլոր ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում, ապա սա այնպիսի հարց է, որ Ադրբեջանի կողմից կա հստակ դիրքորոշում, սա բարդ հարց է, որին հարկավոր է նուրբ մոտենալ»:

Մեր հարցին, թե մտավախություն չունի՞, որ Ալիեւի կինը կարող է խանդել իրեն, Անի Զախարյանը պատասխանեց, որ չի կարծում, որ այդ գործոնը կարող է նշանակություն ունենալ. «Այսօր քաղաքականության մեջ բազմաթիվ կին գործիչներ կան, եւ դա խնդիրներ չի առաջացնում»:

Հիշեցնենք, որ Ալիեւին ընկերության առաջարկ ուղարկելու իր մտադրության մասին ԱՆի Զախարյանը նախօրեին հայտնել էր «Ֆեյսբուքում»՝ պատճառաբանելով, թե «տեսնենք դա մոտիկից ինչ ֆռուկտ է»։