Թուրքիայում վերջին շրջանում ծայր առած Էրդողան-Գյուլեն հակամարտությունը ստիպել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մտածել կուսակցության ներքին կանոնադրությունը փոխելու ուղղությամբ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ մինչ վերջին իրադարձությունները, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ էր արտահայտվում իր ղեկավարած կուսակցության կանոնադրության փոփոխությանը, որով հնարավորություն կունենա 4-րդ անգամ ընտրվելու իրավունք ստանալ։ Սակայն Գյուլենի համայնքի հետ հակասությունները եւ «Մեծ կաշառք» գործողության հետեւանքով ստեղծված ծանր կացությունը ստիպել են Էրդողանին հետքայլ կատարել եւ գնալ կուսակցության որոշ դրույթների փոփոխությանը՝ մասնավորապես 132-րդ դրույթի փոփոխությանը։ Ըստ այդ դրույթի, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներն իրավունք չունեն 3 անգամից ավել խորհրդարան մտնել։
Նշվում է, թե իշխող կուսակցության ներսում խոսակցություններ կան, թե 4-րդ անգամ ընտրվելն արգելող դրույթի փոփոխությունը կարվի մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից հետո։
Ըստ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կանոնադրության՝ Էրդողանի հետ միասին իշխող կուսակցության մոտ 70 հայտնի անուն հաջորդ խորհրդարանական ընտրություններին չեն կարող մասնակցել։




























