Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին:
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ եւ արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր Հայաստանի եւ արաբական երկրների միջեւ հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է, եւ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների, այդ թվում՝ Օմանի Սուլթանության հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջեւ փոխգործակցության հետագա ընդլայնման եւ խորացման համար ՀՀ Նախագահը եւ Օմանի դեսպանը կարեւորել են իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը, որի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում՝ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթերի նախագծեր:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ու Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին անհրաժեշտ են համարել նաեւ Հայաստանի եւ Օմանի միջեւ բազմակողմ՝ տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում, փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցության զարգացումը:





























