Ազատամարտիկների ռազմադաշտային ընդլայնված խորհուրդը բարձրաձայնում է Հայաստանի պետականության վտանգված լինելու մասին եւ կոչ անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ անհատ քաղաքացիներին մարտի 1-ին ժամը 13:00-ին լինել Սարյանի այգում եւ միասին պայքարել իշխանությունների դեմ:

«Հայաստանի Հանրապետության պետականությունը վտանգված է, քանզի պետության ղեկը հայտնվել է գողերի ու ավազակների ձեռքերում: Յուրաքանչյուր իշխանություն իր նախորդից ավելի ագահ է, կեղեքող ու թալանչի: Հայաստանի ողջ ունեցվածքը գրեթե իսպառ օտարվել է: Հայ ժողովուրդն իր հայրենիքում զրկված է արժանապատիվ աշխատանքով իր երեխաներին պահելու հնարավորությունից, ինչի արդյունքում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ ընտանիքներով հեռացել են երկրից, դատարկվել են սահմանամերձ գյուղերը: Ապօրինի իշխանությունների ջանքերով երկրում բարոյազրկվում է ամեն ինչ. եկեղեցիները եվրանորոգման են ենթարկվում, դպրոցական ծրագրերը օրեցօր ավելի օտարացվում: Խեղաթյուրվում է ամենը, ինչ հայկական է ու ավանդական, իսկ պատերազմի և հաղթանակի տարիները ներկայացվում են որպես մթի ու խավարի տարիներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ազատամարտիկներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաեւ փետրվարի 15-ին կայացած Երկրապահ կամավորների միության 10-րդ հոբելյանական համագումարին եւ այնտեղ ՀՀ նախագահի ելույթին:

«Հայաստանի իշխանությունները խեղաթյուրում են ամեն ինչ: Վերջին խեղաթյուրումը Երկրապահ կամավորների միության ժամանակ արեց տխրահռչակ Սերժ Սարգսյանը, երբ բաժանարար գիծ գծեց իշխանությունների եւ ժողովրդի միջեւ: ԵԿՄ համագումարում պատվավոր տեղերն են զբաղեցնում Արցախյան հերոսամարտի հետ կապ չունեցող մարդիկ: Այդ օրը երկրի իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց ժողովրդին»:

Այսքանից հետո Ազատամարտիկների ռազմադաշտային ընդլայնված խորհուրդը հայտարարում է ազատամարտիկների հանրահավաքի անհրաժեշտության մասին:

«Քանի որ մարտի 1-ը մեր ժողովրդի ողբերգական օրերից մեկն է, երբ իշխանության ձեռքով զոհվեց առնվազն 10 մարդ եւ բռնազավթվեց Հայաստանի իշխանությունը, Հայաստանի հանրապետության քաղաքացիներին կոչ ենք անում միանալ մեզ: Կոչ ենք անում նաեւ քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին խոսքից գործի անցնել եւ ցուցադրել միասնություն եւ դուրս գալ հրապարակ»: