«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն մինչեւ փետրվարի 28-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ճշգրտված հայտ կներկայացնի՝ առաջարկելով ջրի սակագինը բարձրացնել 8 դրամով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը:

«Առաջարկում ենք ջրի սակագինը բարձրացնել 7,49 դրամով: Պատճառն այն է, որ սղաճն անցած տարվա համեմատ աճել է 5,8%-ով, որն էլ հենց ազդել է մեր այս հաշվարկների վրա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ջրի սակագնի փոփոխման վրա ազդում է սպառողական գների ինդեքսը (պաշտոնական սղաճը), եվրո-դրամ հարաբերակցությունը, էլեկտրաէներգիայի սակագինը եւ սպառված ջրի ծավալը:

Մուրադ Սարգսյանի խոսքով՝ ընկերությունն արել է ամեն ինչ, որպեսզի ջրի սակագինը շատ չփոփոխվի: «Վաճառքի կանոնավորման եւ ապօրինությունների դեմ պայքարի շնորհիվ հաջողվել է ջրի վաճառքի ծավալն ավելացնել մոտ 1.2 մլն խորանարդ մետրով, ինչը զսպիչ գործոն է, եւ հնարավոր է դարձել սակագնի աճը նվազեցնել 1.3 դրամով»,- մանրամասնեց նա:

NEWS.am-ի հարցին՝ ինչքանով է բնակչությունը պատրաստ այս թանկացմանը՝ Մուրադ Սարգսյանը նշեց. «Սա այն թանկացումը չի, ինչ որ գազի եւ էլեկտրաէներգիայի դեպքում էր: Օրինակ՝ չորս հոգանոց ընտանիքը ամսական վճարելու է ընդամենը 75-90 դրամ ավել գումար, որը նկատենք՝ մեծ գումար չէ»:

Հիշեցնենք, որ օրենքով սահմանված կարգով «Երեւան Ջուր» ընկերությունն ամեն տարի ճշգրտված հայտ է ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջրի սակագնի վերանայման վերաբերյալ: Հանձնաժողովը ստեղծում է աշխատանքային խումբ, որը երեք ամիս ուսումնասիրում է հայտը, որից հետո արդեն կայացնում որոշում: Որոշումն ուժի մեջ է մտնում հուլիսից: Նշենք, որ անցած տարվա հունիսի 21-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել էր «Երեւան-Ջուր» ընկերության սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները։ Ըստ այդմ, ջրօգտագործողները օգտագործված 1 խմ ջրի դիմաց հուլիսի 21-ից վճարում են 170, նախկինում գործող 174, 059 դրամի փոխարեն։