Երեւանում փետրվարի 25-ին՝ Սումգաիթի ողբերգության տարելիցի նախաշեմին, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահությունը կազմակերպել է կլոր սեղան-քննարկում՝ հայ փախստականներին աջակցող երիտասարդների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում քննարկվել է ազատագրված տարածքներում ադրբեջանահայերի համար քաղաքի կառուցման հարցը:
Ինչպես ընդգծել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի պրեզիդիումի անդամ Մարիամ Ավագյանը, հայ փախստականների իրավունքների շուրջ քննարկումները, որոնք տեւել են ավելի քան երեք տարի, այդպես էլ լիարժեք պետական աջակցության չեն արժանացել: Ըստ նրա՝ քաղաքի շինարարության համար տարածք է ընտրվել Գաքարի գետի շուրջ տարածքը, նախատեսվում է ստեղծել Բագարան-Քարվաճառ-Տիգրանակերտ տնտեսական գոտին: Քաղաքի պայմանական անունն ընտրվել է Բագարանը: Նա նաեւ նշել է, որ շինրարությունը ֆինանսավորելու են հենց իրենք, քանի որ ադրբեջանահայերի շրջանում բազմաթիվ հարուստ մարդիկ կան: Ավագյանը նշում է, որ նախագծի կյանքի կոչվելու արդյունքում ավելի քան 600 հազար ադրբեջանահայեր կապրեն իրենց հայրենի հողում:
«Քաղաքի շինարարությունը կարժենա նույնքան, որքան Հյուսիսային պողոտայի կառուցումը: Քաղաքի շինարարության հեռանկարն ավելի քան իրատեսական է, այստեղ խոսքը քաղաքական կամքի բացակայության մասին է»,-հայտարարել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամը:




























