Վտանգավոր եւ անարդյունավետ է փորձել Ուկրաինային ընտրություն պարտադրել «կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ» սկզբունքով: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Լյուքսեմբուրգի իր գործընկեր Ժան Ասելբորնի հետ հանդիպումից հետո:
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի Ուկրաինան լինի համաեվրոպական ընտանիքի մի մասը»,-ընդգծել է ռուսաստանցի նախարարը:
«Մենք հաստատեցինք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ չխառնվել Ուկրաինայի ներքին գործերին եւ հույս ունեն, որ բոլորը նմանատիպ դիրքորոշում կորդեգրեն ու շփումներ կպահպանեն Ուկրաինայի բոլոր քաղաքական ուժերի հետ»,-ասել է Լավրովը:
«Մենք կցանկանայինք ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում Եվրամիության ներսում, ներառյալ ԵՄ-ի հարաբերությունները մեր ընդհանուր հարեւանների հետ»,-ասել է ռուսաստանցի նախարարը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Իր հերթին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նշել է, որ «Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատմական կապերը շատ սերտ են ու ինտենսիվ»:
«Մենք Եվրամիությունում շահագրգռված ենք, որ զարգացնենք համագործակցությունը ՌԴ-ի հետ, որ օգնենք Ուկրաինային վերադարձնել կայունությունը: Մենք նաեւ շահագրգռված ենք, որ այդ հարցը լուծվի մոտ ժամանակներս»,-ասել է Ասելբորնը:




























