Հայաստանի իշխանությունները վախենում են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել: Այս մասին փետրվարի 25-ին ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը՝ գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին իր տեսակետը հայտնելով:

«Դուք վերջնականապես թաղեցիք «Գազպրոմի» հարցը՝ քանիցս հրաժարվելով ուսումնասիրել ռուսական կողմի հետ գազային վերջին պայմանագրերի դրույթները», - ասել է Զուրաբյանը՝ դիմելով իշխող կոալիցիայի պատգամավորներին. «Եթե դուք վախենում եք այնպիսի հարցեր բարձրացնել, որոնք կարող են Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացման տանել, ես նման բացատրություններ չեմ ընդունում:  Իսկ մինչ այդ ժողովրդի բողոքը եւ հանձնաժողով ստեղծելը կարելի էր օգտագործել որպես կարեւորագույն գործիք՝ գազային համաձայնագրերը վերանայելու բանակցությունների համար: Սակայն դուք դա չեք անում:

Ըստ նրա՝ պատգամավորական հանձնաժողովը, եթե այն ստեղծվի, չպետք է դռնփակ աշխատի: Իսկ իշխանությունների այն մտավախությունները, թե ընդդիմությունը լուրջ աշխատանքը կարող է թատրոնի վերածել, ամբողջովին անհիմն են. դա ընդդիմության շահերից էլ չի բխում:  «Ներեցեք, բայց ի տարբերություն ձեզ,  ես հավատում եմ ժողովրդի դատողության սթափությանը: Ժողովուրդը հեշտությամբ կարող է տարբերել շոումեններին  պետական մտածողություն ունեցող մարդկանցից: Եվ եթե ընդդիմությունում իրենց շոումենի նման պահեն, ապա պարզապես կհասնեն ձեր նպատակին՝ կվարկաբեկեն իրենց եւ կկորցնեն հասարակության աջակցությունը: Իսկ եթե իշխանությունը սկսի շոուով զբաղվել, դա արդեն մեր խնդիրը չէ: Սակայն ձեզ ոչինչ չի խանգարում լուրջ աշխատանքով զբաղվել», - նշել է Զուրաբյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am