«Երեւան Ջուր» ՓԲԸ-ի ղեկավարությունը 1974թ. հետո ծնված աշխատակիցներից չի գանձել կուտակային 5% պարտադիր վճարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը:
«Մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, ոչ մի պահում չենք արել: Մարտի 28-ին դատարանը ինչ որոշի, այնպես էլ կանենք»,- ասաց նա:
Մուրադ Սարգսյանի խոսքով՝ ընկերության 1200 աշխատակիցների մեծ մասը երիտասարդներ են, որոնց վերաբերվում է կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը:
«Մենք ֆրանսիական ընկերություն ենք, հարկատուների ցուցակում 43-րդն ենք: Ոչ կողմ ենք օրենքին, ոչ էլ դեմ: Սահմանադրական դատարանը ինչ որոշի, այնպես կանենք: Քանի որ օրենքը հիմա թույլ է տալիս պահումներ չանել, չենք անում»,- եզրափակեց ընկերության մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք չեն գանձել կուտակային 5% պարտադիր վճարը եւ սպասում են Սահմանադրական դատարանի՝ մարտի 28-ի որոշմանը:




























