Իշխանությունները ինչ-որ հարցեր «թաղելու կամ թաքցնելու» փորձ չունեն: Այս մասին փետրվարի 25-ին ԱԺ-ի նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության քննարկման ընթացքում:

«Քաղաքական մի շարք ուժեր՝ իմ կողմից շատ հարգված, նման հանձնաժողովի ստեղծման նախագիծ են ներկայացրել, եւ ես իմ հայտարարությունում նշել էի, որ մենք անպայման բոլորին հետաքրքրող հարցերի քննարկման հնարավորություն կտանք: Մենք նախագահ եւ մեր կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին առաջարկեցինք առավել լայն լիազորություններով հանձնաժողով ստեղծել», - ասել է ԱԺ նախագահը:

Նա նշել է, որ հանձնաժողովի վերաբերյալ ոչ կոալիցիոն խորհրդարանական ուժերի կողմից արված բոլոր առաջարկությունները ընդգրկվել են այն ստեղծելու մասին որոշման նոր նախագծում՝ կոալիցիայի առաջարկների հետ:  «Այդ դեպքում ինչո՞ւ եք դուք մեզ մեղադրում, որ մենք ցանկանում ենք թաղել այս կամ այն հարցը: Մենք ոչ թաղելու, ոչ էլ թաքցնելու վարպետներ ենք: Մենք այդպիսի փորձ չունենք», - նկատել է խոսնակը: Նա զարմանք է հայտնել, որ ընդդիմությունը շտապում է վարկաբեկել դեռ չստեղծված հանձնաժողովը: «Դուք, հավանաբնար, չեք էլ ցանկանում, որ այն ստեղծվի: ՀՀԿ-ն երբեք ոչ մի պաշտոն վճարի դիմաց չի տվել եւ աչք չի փակում պաշտոնեական հանցագործությունների  վրա: Եթե որեւէ մեկն այն կատարել է, այդ թվում նաեւ գազի հարցով, ապա պատասխան կտա դրա համար:  Եվ դուք դրա ականատեսը կդառնաք: Ինչո՞ւ եք դուք հակառակը մտածում»:

Նա հավելել է, որ խորհրդարանական մեծամասնությունն ավելի առաջ է գնացել՝ առաջարկելով, որպեսզի հանձնաժողովում ամեն մի հարց միասին ուսումնասիրեն իշխանությունից եւ ընդդիմությունից մեկական պատգամավոր:  «Որպեսզի հետո չասեն, թե ինչ-որ մեկն ինչ-որ բան է ուզում թաքցնել: Սակայն այստեղ էլ ձեզ  ինչ-որ բան դուր չի գալիս: Դուք ասում եք՝ թող հանձնաժողովի նախագահն իշխանությունից չլինի: Սակայն ի՞նչ է դա փոխում: Ի՞նչ ավելորդ առավելություններ ունի նա: Ոչ մի: Մենք պարզապես ցանկանում ենք, որպեսզի հանձնաժողովի ղեկավարը փորձառու իրավաբան լինի, որը դրա անդամներին կպարզաբանի իրավական բնույթի բոլոր հարցերը», - նշել է Աբրահամյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am