Մինչ Ազգային ժողովը քննարկում է «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ խմբակցության նախաձեռնությունը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ միասին փետրվարի 25-ին, ժամը 14։00-ից ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով, որ խորհրդարանն ընդունի առաջարկը (ֆոտոռեպորտաժ

Խմբակցությունը պահանջում է, որպեսզի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը  ուսումնասիրի «Նաիրիտ» գործարանի մասնավորեցմամբ ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառները:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը 3 կետից բաղկացած պահանջներ ներկայացրեց, որոնք պետք է պարզի հանձնաժողովը. ինչու՞ է «Նաիրիտը» հասել այդ վիճակին, ե՞րբ են վճարվելու աշխատակիցների աշխատավարձերը, ի՞նչ է լինելու «Նաիրիտի» հետագա ճակատագիրը:

«Սա քաղաքական շահարկումների հարց չէ, սա սոցիալական հարց է, քանի որ «Նաիրիտի»  վերագործարկմամբ կլուծվի մեծ սոցիական խնդիր»,- ասաց Գերասիմ Վարդանյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այժմ ցուցարները «Ստոպ Նաիրիտի թալանին»,  «Ստոպ Նաիրիտի կործանմանը» պաստառներով սպասում են ՀՅԴ պատգամավորներին, որոնք ԱԺ-ում նախաձեռնության քննարկումից հետո մոտենալու են ցուցարարներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին «Նաիրիտի» աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ էին ստացել, սակայն գործարանն իր աշխատակիցներին պարտք է 15 ամսվա աշխատավարձ: