«Կիկոսի մահը» որոշ հռետորների մոտ շատ հեռուն գնաց: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը՝ հանդես գալով որպես գազային ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցով հիմնական զեկուցող:
«Կիկոսի մահը գոնե ինչ-որ տեղ կանգ էր առնվում, այստեղ շատ հեռու գնաց։ Հեքիաթի պարագայում դա թույլատրելի է, բայց խորհրդարանում դա որոշ չափով հիշեցնում է պարոնոիա։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր գործընկերների մի մասը զարմացած է այն առաջարկություններից, որ արել է մեծամասնությունը, և այդ զարմանքն է, որ ստիպում է կասկածամտորեն վերաբերվել հարցին»,-նշել է նշել է նա եւ կոչ արել այդ աշխատանքին եռանդով լծվել:
Նրա խոսքով՝ ընդդիմության մեծ մասը միայն երկար ելույթներ է ունենում: «Մենք դիմեցինք ընդդիմությանը՝ եթե հնարավոր է, ներկայացրեք ձեր առաջարկությունները գրավոր: Դա արեցին միայն երկու խմբակցություններ. առաջինը ՀՅԴ-ն: Չեմ կարող հարգանքս չփոխանցել նրանց հասցեին, նրանք միշտ այդպես ն աշխատում: Երկրորդը ԲՀԿ-ն է, իսկ մյուսնե՞րը: Մյուսները միայն ասում են. «Տեսեք, թե ինչ հրաշալի գաղափարներ կան»: Ենթադրենք, իսկ ով պետք է դա իրականացնի: Այդ զանգ կախելու և ճառ ասելու պատմությունը չարժե, որ հիշեցնեմ: Մենք պետք է գործո ունենանք նրանց հետ, որոնք պատրաստ են ժամանակ եւ ուժեր ծախսել արդյունքի հասնելու համար»,-ասել է Հարությունյանը:
Նա հավելել է, որ հանձնաժողովի նիստերն առաջարկվում է փակ անցկացնել միայն այն բանի համար, որ այնտեղ չհնչեն հասարակությանն ուղղված ավելորդ հայտարարություններ:
«Դրա համար ես առաջարկում եմ հանել այն դրույթը, որի համաձայն հանձնաժողովի անդամները չեն կարող բացահայտել իրենց աշխատանքի բովանդակությունը եւ ստացված տեղեկատվությունը: Մենք ոչ թե ուզում ենք տեղեկատվությունը սահմանափակել, այլ հանձնաժողովը զերծ պահել անպետք աղմուկից»,-ասել է նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























