Չի կարելի Հայաստանը մեկ գազային ընկերության ֆան-ակումբի վերածել: Այս մասին փետրվարի 25-ին ԱԺ-ի նիստում հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ ունենալով գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկումների ընթացքում:

Ըստ նրա՝ չնայած իշխող մեծամասնությունն այժմ փոշմանել է եւ որոշել նման հանձնաժողով ստեղծել, որը վերջերս առաջարկում էր ընդդիմությունը, իրեն չի հետաքրքրում՝ ինչ է մտածում իշխանությունը: «Կարծում եմ՝ դա չպետք է անհանգստացնի նաեւ մեր գործընկերներին: Չնայած ակնհայտ է, որ իշխանությունները ինչ-որ հետին միտք ունեն: Գլխավորը բոլոր հարցերին պատասխանը ստանալն է: Սակայն ձեր նպատակը դա չէ: Այլապես դուք չէիք փորձի ՀՀ-ն վերածել մի գազային ընկերության ֆան-ակումբի»: Այնուամենայնիվ,   ԲՀԿ-ն կմասնակցի հանձնաժողովի աշխատանքին, սակայն իրեն իրավունք է վերապահում հանդես գալ  դրա աշխատանքի հրապարակային գնահատականներով: