Ուկրաինան պետք է միասնական պետություն մնա, բայց միաժամանակ առավելագույնս սերտ հարաբերություններ զարգացնի Ռուսաստանի հետ: Այս մասին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

«Ակնհայտ կարեւոր է, որպեսզի ամուր հարաբերություններ լինեն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ: Ես պարբերաբար շփվում եմ ռուսական կողմի ներկայացուցիչների, արտգործնախարար Լավրովի հետ: Ռուսաստանի հետ ամուր կապեր կան, եւ այդ կապերը պետք է շարունակվեն: Մենք կարծում ենք, որ պետք է Ուկրաինայի տարածքային ամբողջության վերաբերյալ ուժեղ մեսիջ տարածվի: Շատ կարեւոր է, որպեսզի այս երկիրը միասնական մնա», - ասել է Էշթոնը, հայտնում է ԼԻԳԱ-ն:

Պատասխանելով Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ներկայության եւ այն հարցին, թե չի արհամարհում արդյոք ԵՄ-ն այդ ներկայությունը, Էշթոնն ասել է. «Մենք ոչ մի դեպքում չենք արհամարհում դա, սակայն որոշումը պետք է ուկրաինացիները կայացնեն:  Այդ հարցն այժմ դիտարկելու պատճառ չկա»: 

Մեկնաբանելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը, թե Ուկրաինայի իշխանության լեգիտիմությունը հարցեր է հարուցում, նա ասել է. «Ես երկար զրույց ունեցա Լավրովի հետ: Մենք խոսել ենք Ուկրաինայում բռնություն չկիրառելու կարեւորության մասին, որպեսզի Ուկրաինան ամբողջական մնա, որպեսզի պահպանվի տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանն Ուկրաինայի կարեւոր հարեւանն է, եւ կարեւոր է, որ Ուկրաինան առաջ շարժվի իր ցանկացած ուղղությամբ: Եվ սա այն ազդանշանն է, որը մենք տալու ենք ռուսներին»:

Հավելենք, որ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Կիեւում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ: Այս մասին հայտնել էր ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Հիշեցնենք, որ Ղրիմ են ժամանել ՌԼԴԿ-ի խմբակցության մի խումբ անդամներ: Ռուս խորհրդարանականները հայտնել են, որ ղրիմցիների հարաքվեի կամ Ղրիմի՝ Ռուսաստանին միավորվելու խնդրանքի դեպքում Ռուսաստանն այդ հարցն արագ կդիտարկի»:

Սեւաստոպոլի քաղաքային խորհրդի արտահերթ նիստում պատգամավորները Սեւաստոպոլի քաղաքային վարչության գործադիր մարմին են ստեղծել եւ ղեկավար նշանակել ռուսական քաղաքացիություն ունեցող ձեռնարկատեր Ալեքսեյ Չալիին:

Ավելի վաղ Վրաստանի նախկին  նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Ռուսաստանը Ղրիմի դեպքում կարող է գնալ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում փորձած ճանապարհով, եւ կսկսի անձնագրեր բաժանելուց: