Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ փետրվարի 25-ին, խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում՝ նվիրված ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներին եւ ծրագրերին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարության ներկայացուցիչները:
ՀԱՀ պատմության, կրթական, գիտահետազոտական ծրագրերի եւ առաջիկա անելիքների մասին համառոտ զեկուցում է ներկայացրել բուհի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ 2013 թ. սեպտեմբերից համալսարանն իրականացնում է նաեւ բակալավրի որակավորման աստիճան շնորհող ծրագրեր: Պատասխանելով վարչապետին հետաքրքրող հարցերին՝ պարոն Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել ուսուցման մեթոդիկայի, բակալավրի եւ մագիստրոսի որակավորման աստիճան շնորհող ծրագրերի, սիրիահայ ուսանողների համար, ինչպես նաեւ շրջաններում իրականացվող շարունակական կրթության ծրագրերի վերաբերյալ:
Այնուհետեւ ԲԳՀԽ քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը ներկայացրել է 2012 թ. Բուխարեստում Բոլոնիայի քարտուղարությունը Հայաստանին հանձնելուց հետո մինչ օրս կատարված աշխատանքները: Մասնավորապես, իրականացվել են քայլեր՝ ԲԳՀԽ կառույցների միջեւ մշտական հաղորդակցությունն ապահովելու եւ ըստ համանախագահների պահանջի պատշաճ տեղեկատվություն տարածելու նպատակով, կազմակերպվել են սեմինարներ եւ քննարկումներ, լրամշակվել ու թարմացվել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի (ԵԲԿՏ) կայքը՝ www.ehea.info: Որպես եզրափակիչ միջոցառումներ՝ 2015 թ. մայիսին Երեւանում կկայանան Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը եւ չորրորդ քաղաքական ֆորումը: Նախատեսվում է, որ այս նպատակով Հայաստան կժամանի շուրջ 100 երկրի պատվիրակություն:
Խորհրդակցության ավարտից հետո կառավարության ղեկավարն շրջայց է կատարել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եղել բուհի թանգարանում եւ լսարաններում, զրուցել ուսանողների հետ:




























