Եթե ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին «Նաիրիտում» յուրացումների համար, ապա կարելի է հիշել նաեւ այլ ձեռնարկությունների մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը: Մասնավորապես Զուրաբյանն ասել էր. «Ինչու Դուք, որպես օրինապաշտ հանձնաժողովի օրինապաշտ նախագահ չեք դիմել դատախազություն, իմանալով «Նաիրիտում» խախտումների մասին»:
Ի պատասխան Այվազյանը նշել է, որ քանի դեռ պատգամավորների ձեռքին չկան անվիճելի փաստեր, նրանք իրավունք չունեն հայտարարել, որ գործարանը կանգնած է յուրացումների կամ անգրագետ մենեջմենթի պատճառով:
Միաժամանակ նա հավելել է, որ Հայաստանում 1991-ից չի աշխատում 7 հազար ձեռնարկություն: «Դե եկեք դրանցով էլ զբաղվենք: Այդ դեպքում՝ շատ բան ջրի երես դուրս կգա եւ ես պատրաստ եմ ձեզ հետ միասին զբաղվել դրանց հետաքննությամբ: Եկեք դիմենք դատախազություն»,-ասել է Այվազյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























