«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը համագործակցելու է Տարածքային կառավարման նախարարության հետ: Այսօր՝ փետրվարի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման պայմանավորվածություն ձեռք բերվեց տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ հիմնադրամի հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Կարո Արմենի միջեւ:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են. «Արմեն Գեւորգյանը բարձր գնահատեց հիմնադրամի կողմից համայնքներում առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները: Հիմնադրամը ներկայումս համայնքային զարգացման ծրագրեր է իրականացնում Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի Բաղրամյանի եւ Թալինի տարածաշրջանների 15 գյուղական համայնքում:
Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց վերջին տարիներին կառավարության կողմից մարզերում իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես նշելով, որ մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով 2011-2013թթ. լրացուցիչ 41,3 մլրդ դրամ է հատկացվել չորս հրատապ ծրագրերի իրականացման համար, ներկայումս նախապատրաստվում է հինգերորդ ծրագիրը: Նա նաեւ տեղեկացրեց, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը որպես Տարածքային զարգացման հիմնադրամ վերակազմակերպելու ուղղությամբ եւ, ակնկալվում է, որ նոր հիմնադրամը կարեւոր դեր կունենա համայնքների զարգացմանը նպաստելու աշխատանքներում:
Փոխվարչապետը նշեց, որ կառավարությունը կարեւորում է նաեւ սահմանամերձ համայնքներում զարգացման ծրագրերի իրականացումը, եւ առաջիկա տարիներին մեծ ուշադրություն է դարձվելու նշված համայնքներում խնդիրների լուծմանը:
Կարո Արմենն իր հերթին ընդգծեց համայնքներում զարգացման ծրագրերի իրականացումը, ինչը հնարավորություն կտա տեղերում բարելավել սոցիալ-տնտեսական վիճակն ու բարձրացնել բնակչության կենսամակարդակը»:




























