Իշխանությունները կողմ են «Նաիրիտ» գործարանի հարցով պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Այս մասին փետրվարի 25-ին ԱԺ-ի նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ դեռեւս 20 օր առաջ խորհրդարանական ընդդիմությունում եւ այլընտրանք ԲՀԿ-ում ոչ ոք չէր պատկերացնում, որ իշխանությունը գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով կստեղծի:

«Ցանկանում եմ անկեղծ ասել, որ անձամբ ես դեմ էի, որ «Նաիրիտ» գործարանի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցն ընդգրկվեր օրակարգում: Չնայած ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին՝ իշխանությունը թաքցնելու ոչինչ չունի», - ընդգծել է Աբրահամյանը: Ըստ նրա՝ իշխանությանը չպետք է սիրել, իշխանությանը պետք է հարգել եւ աջակցել: Աբրահամյանը խորհրդարանական չորս ուժերին նաեւ խոստացել է , որ հնարավորություն կստեղծվի, որպեսզի «Նաիրիտ» գործարանի հարցը քննարկվի խորհրդարանում: Միաժամանակ նա նշել է.  «Դուք բոլորդ էլ հասկանում եք, որ խորհրդարանը պետք է նիստեր անցկացնի, իսկ եթե ստեղծվի 3-4 ժամանակավոր հանձնաժողով, ապա ԱԺ-ի աշխատանքը կտապալվի: Ինչո՞ւ վիրավորել միմյանց, ես հանդուրժողականության կոչ եմ անում: Ով չի ալարում, ամբիոնին է մոտենում   եւ վիրավորում վարչապետին, այդպես չի կարելի»: