«Նաիրիտ»-ի յուրացումներին Հայաստանի վարչապետի եղբոր հանցակցության վերաբերյալ հիմնավոր փաստեր չկան: Այս մասին ԱԺ-ի փետրվարի 25-ի նիստում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր, ֆինանսների հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով «Նաիրիտ» գործարանի հարցով պատգամավորական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին իր խմբակցության առաջարկը:
«ՀՀ վարչապետի եղբայր Արմեն Սարգսյանը երկար տարիներ զբաղեցրել է գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնը: Սակայն ես այս ամբիոնից չեմ կարող հաստատել կամ հերքել յուրացումներին նրա ունեցած մասնակցության մասին հայտարարությունները: Այս եւ մյուս հարցերը կուսումնասիրի հանձնաժողովը, եթե այն ստեղծվի», - ասել է Մինասյանը:
2006թ. «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90%-ը 40 միլիոն դոլարով վաճառվել էր Մեծ Բրիտանիայում գրանցված «Rhinoville» ընկերությանը: 2014թ. հունվարին արբիտրաժային դատարանը բավարարել էր ԱՊՀ Միջպետական բանկի հայցը՝ «Rhinoville Ltd»-ից 107,95 միլիոն դոլարի պարտքը գանձելու վերաբերյալ: 2013թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մամուլին հայտնել էր, թե առաջին անգամ է լսում «Նաիրիտ»-ի վերաբերյալ գաղտնի պայմանագրի մասին:




























