Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դիմաց՝ Խանջյան փողոցի վրա, այսօր՝ փետրվարի 25-ին, հրդեհ էր բռնկվել. այրվում էր պլաստմասե նարնջագույն աղբակղը:
Այրվող աղբամանից գարշելի հոտ էր գալիս, մարդիկ անտարբեր անցնում էին, ոչ ոք չէր փորձում հանգցնել կրակը, ավելին՝ ոմանք իրենց ձեռքի աղբը նետում էին կրակի մեջ:
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության, սանմաքրման բաժնի պետ Հովիկ Ահարոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հատուկ աշխատակիցներ չունեն, որոնք շրջում են քաղաքում եւ զբաղվում այրվող աղբամաններով. «Մենք վերահսկում են, աղբամանները երբ լցվում են դատարկում ենք։ Եթե այրված աղբամանն այլեւս պիտանի չլինի օգտագործման, կփոխարինենք նորով։»
Նրա խոսքով՝ մայրաքաղաքում աղբամաններ հաճախ չեն այրվում, իսկ դեպքերի մեծ մասի պատճառը անբարեխիղճ քաղաքացիներն են։











