«Նաիրիտ» գործարանի աշխատավարձային պարտքը հասել է 12 միլիոն դոլարի: Այս մասին ԱԺ-ի փետրվարի 25-ի նիստում  հայտարարել է ՀՅԴ-ական  պատգամավոր, ֆինանսների հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով «Նաիրիտ» գործարանի հարցով պատգամավորական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին իր խմբակցության առաջարկը:  

«Աշխատակիցների աշխատավարձերի վճարումը հատուկ ուշադրության առարկա կդառնա: Մեր գնահատմամբ՝ աշխատակիցներին ունեցած պարտքը հասել է 12 միլիոն դոլարի: Դա մեծ գումար է, եւ պետք է մտածել՝ ինչպես վճարել  աշխատակիցներին արդարացիորեն հասնող աշխատավարձները», - նշել է Մինասյանը:

«Նաիրիտը» խորհրդային Հայաստանի քիմիական հսկան էր, այն դադարեցրել էր իր գործունեությունը 2010թ. ապրիլից՝ անորոշ ժամանակով: Ավելի վաղ գործրանը 50 օրը մեկ մարում էր աշխատավարձի պարտքերը, սակայն այժմ վճարները պարբերական չեն: Աշխատողները ստիպված ցույց են անցկացնում կառավարության շենքի առաջ, իսկ այսօր բողոքել են խորհրդարանի շենքի դիմաց:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am