Տաջիկստանում ցանկանում են հուշարձան կանգնեցնել աշխատանքային միգրանտի պատվին, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 50%-ը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքացիական հասարակության մի խումբ՝ կայքերից մեկում ստորագրահավաքի կոչ տեղադրելով:
Նախաձեռնության մասնակիցներից մեկը կարծում է, որ «ժամանակակից Տաջիկստանում հենց աշխատանքային միգրանտն է բոլորից ավելի արժանի հուշարձանի»: Վկայակոչելով փորձագետների տվյալները՝ ակտիվիստն ասում է, որ երկրի սահմաններից դուրս, գերազանցապես՝ Ռուսաստանում, աշխատում են միլիոնից ավելի հայրենակիցներ, որոնք կերակրում են իրենց ընտանիքները հայրենիքում՝ ուղարկելով վաստակածի մեծ մասը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
«Մենք ապրում ենք հարաբերականորեն բարեկեցիկ եւ խաղաղ հասարակությունում՝ շնորհիվ մեր աշխատանքային միգրանտների, որոնք իրենց արյուն-քրտինքով գումար են վաստակում հայրենիքի սահմաններից դուրս», - նշել է ակտիվիստը:
Ըստ ՌԴ ԴՄԾ-ի՝ 2013թ. դեկտեմբերին Ռուսաստանում գտնվել է 1,2 մլն տաջիկ միգրանտ: Նրանց գումարային փոխանցումները Տաջիկստան գերազանցում է 3,5 միլիարդ դոլարը:




























