Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ Անիի նախկին ոստիկանապետի որդին, հացադուլի մեջ գտնվող Հարություն Սարգսյանը փետրվարի 24-ից նաեւ ջրադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Լուսինե Սահակյանը:
Փաստաբանն ասաց, որ այժմ փորձում են նրան համոզել դուրս գա ջրադուլից: Մեղադրյալի պահանջն է, որ իր գործով արդար դատաքննություն կատարվի: Փաստաբանը արդեն երկրորդ գործը քննարկելու համար հանդիպման խնդրով դիմել է Գլխավոր դատախազին, առաջին անգամ նրան մերժել էին, իսկ երկրորդ դիմումից առայժմ որեւէ նորություն չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս գործով կալանավորված է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝Հարություն Սարգսյանը
Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը:




























