Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը երկրի ինքնիշխանության ու անվտանգության լուրջ մարտահրավեր է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, «Արեւելյան գործընկերություն եւ Մաքսային միություն. միջազգային ինտեգրացիոն նախագծե՞ր, թե՞ աշխարհաքաղաքական մրցակցություն» խորագրով սեմինար-քննարկման ժամանակ նշել է կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած ընտրանքի պարագայում, միեւնույն է, ՀՀ անկախությունը որոշակի չափով տուժելու է: Իսկ հիմնական խնդիրներից մեկը, ըստ Մեսրոպյանի, Մաքսային միության հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է:

«Մտնելով որեւէ միության կազմ, մենք դառնում ենք անմրցունակ: Ուղղակի զարմանալի է, թե ինչպես կարելի է՝ հարեւանությամբ ունենալով Իրանի պես հարուստ պաշարամիջոցների տիրապետող երկիր, չօգտագործել դրանք եւ ընկնել հյուսիսի կամ արեւմուտքի դռները: Այն տպավորությունն է, թե մեզ պետություն պետք չէ, մենք միայն ման ենք գալիս, թե ում հովանու տակ կարելի է մտնել»,- ընդգծել է Մեսրոբյանը: