Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն ավելի շատ տնտեսական վնաս կբերի, քան օգուտ, եթե չհստակեցվի մաքսատուրքերի գանձման կարգը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, «Արեւելյան գործընկերություն եւ Մաքսային միություն. միջազգային ինտեգրացիոն նախագծե՞ր, թե՞ աշխարհաքաղաքական մրցակցություն» խորագրով սեմինար-քննարկման ժամանակ նշել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
«Շատ դրական եմ գնահատում համագործակցությունը, բայց քաղաքական որոշումների հետ մեկտեղ, պետք է կարողանանք տնտեսական ճիշտ հաշվարկներ կատարել, որպեսզի բյուջեում ճեղք չառաջանա մաքսատուրքերի չգանձումից»,- շեշտել է նա:
Տվյալ փուլում Մանասերյանը կարեւոր է համարում, որ ռազմավարական դաշնակցի օգնությամբ հնարավոր կլինի լուծել աբխազական երկաթգծի հարցը, «որը հայ գործարարներին թույլ կտա ավելի նպաստավոր պայմաններով զարգացնել առեւտրատնտեսական կապերն արտաքին աշխարհի հետ»:



























