Գյումրիի թիվ 16 նախակրթարանի նախկին տնօրեն Գոհար Չիլինգարյանը թեեւ համայնքին վերադարձրել է յուրացրած 1 մլն 760 հազար 270 դրամը, սակայն չի կարող կարող խուսափել դատական գործընթացից։

Փետրվարի 25-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գոհար Չիլինգարյանի փաստաբանի միջնորդությունը՝ վերը նշվածը հաշվի առնելով անցկացնել արագացված կարգով դատավարություն։

«Սա այն դատական գործերից է, որոնք ենթակա է են հրապարակային լսումների, եւ պետք է ընթանա դատական բոլոր ընթացակարգերի համաձայն։ Պետք է հարցաքննվեն բոլոր վկաները, տուժող կողմն ու ամբաստանյալը, որից հետո կհրապարակվեն գործի նյութերը»,- իր որոշումը պարզաբանեց դատավոր Հարություն Մովսիսյանը։ Միջնորդությանը դեմ էր նաեւ պետմեղադրող Արթուր Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Գոհար Չիլինգարյանը 2013թ. հունիս-հուլիս ամիսներին Գյումրու քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաեւ վարձավճարներից հավաքագրված 1 մլն 760 հազար 270 դրամը աշխատավարձի, սնունդմատակարարած ընկերությունների հանդեպ ունեցած պարտավորությունների եւ կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանն ուղղելու փոխարեն, վերցրել էր ու լքել քաղաքը։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, երկու օր անց նա ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն։ Քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2 մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափով:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 6-ին: