Եթե պետությունը ձգտում է սնանկացնել «Նաիրիտը», ինչո՞ւ է վճարում աշխատակիցներին: Այս մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ ԱԺ-ում «Նաիրիտին» նվիրված քննարկման ժամանակ:

Ըստ նրա՝ եթե պետությունը ցանկանում էր «Նաիրիտը» սնանկ հայտարարել, դա կարվեր տարիներ առաջ, ինչի համար դրդապատճառներ կային:

Նախարարը կարծում է, որ պետք է զերծ մնալ ոչ կոմպետենտ խոսակցություններից այն մասին, թե կաուչուկի որ տեսակն է մրցունակ ու ինչ է պատրաստվում արտադրել Հայաստանը: «Այդ հարցին կարող է պատասխանել միայն մասնագետը: Սիրողական մակարդակում նման խոսակցություններ չի կարելի վարել: Վերջապես հայտնվել է «Ռոսնեֆտ» ընկերությունը, որը պատրաստ է 500 մլն դոլար ներդնել: Պետք չէ խանգարել այդ աշխատանքներին: Ավելի լավ է սպասել բանակցությունների ավարտին»,-կոչ է արել Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ «Ռոսնեֆտի» պատրաստակամության մասին հայտարարել էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման արդյունքում: