Ամերիկյան խորհրդատվական խումբն այսօր՝ փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել են իրենց նկատառումները սպառնալիքների գնահատման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց միջազգային խորհրդատուների ներդրումը ՀՀ անվտանգության ոլորտի համար կարեւորագույն այս ձեռնարկում, վստահեցնելով, որ պաշտպանության նախարարությունն իր գործընկերների հետ այս ուղղությամբ փոխգործակցությունն իրականացնում է փոխադարձ վստահության եւ համագործակցության ոգով»:
Ամերիկյան խորհրդատվական խումբը Հայաստանում է փետրվարի 24-ից եւ կմնա մինչեւ փետրվարի 28-ը:
«Այցի շրջանակում ԱՄՆ փորձագետները քննարկումներ կիրականացնեն սպառնալիքների գնահատման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում ձեւավորված աշխատանքային խմբի հետ, որում ներգրավված են նաեւ ՀՀ հասարակական կազմակերպությունների եւ գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ»,- ասվում է հայտարարության մեջ:



























