ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենը, այսօր՝ փետրվարի 25-ին, այցելել է ԱԻՆ եւ հանդիպել նախարար Արմեն Երիցյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ  OCHA-ի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանային գրասենյակի 

մարդասիրական գործերի ղեկավար Օլգա Պրորովսկայան եւ OCHA աղետներին արձագանքման ազգային խորհրդական Աշոտ Սարգսյանը։

Ողջունելով հյուրերին եւ համառոտ ներկայացնելով նախարարության պատմությունն ու գործառույթները, նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց համատեղ գործունեության համար։ 

«Նախարարության գործունեության ուղղությունները շատ են։ Մեր ճգնաժամային կառավարման կենտրոնում հավաքվում է ամբողջ հանրապետությունից, տարբեր նախարարություն-գերատեսչություններից եկող տեղեկատվությունը։ Արդեն երկու տարի է, ինչ գործում է 911 ծառայությունը։ Այսօր հանրապետությունում ստացված բոլոր զանգերի 50 տոկոսը 911 կատարած զանգերն են, եւ ոչ մի զանգ անպատասխան չի մնում։ Մեր բոլոր նախաձեռնություններում դուք միշտ կանգնած եք եղել մեր կողքին ու նաեւ Ձեր աջակցությամբ մենք գնում ենք առաջ», - ավելացրեց ԱԻ նախարարը։

OCHA-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է. «Մեզ համար միշտ հաճելի է Ձեզ հետ համագործակցելը։ Շատ դասեր ենք քաղել Սպիտակի երկրաշարժի փորձից։ Մեր նպատակն է ուսումնասիրել ձեր կարիքները, տեսնել, թե ինչ ոլորտներում կարող ենք աջակցություն ցուցաբերել։

Պարոն Վասենն իր խոսքում շնորհակալություն հայտնեց անցյալ տարվա դեկտեմբերի 3-4-ն անցկացված «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարեւորագույն նախապայման» միջազգային համաժողովի համար, նշելով, որ այն բարձր գնահատականի է արժանացել OCHA-ի կենտրոնական գրասենյակի կողմից. - Համաժողովի ընթացքում բավական օգտակար քննարկումներ էին կազմակերպվել եւ ցանկալի կլիներ, որ նման միջոցառումները շարունակական լինեին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանում INSARAG պահանջներին համապատասխանող որոնողափրկարարական թիմերի ստեղծման հետ կապված հարցերը, աջակցության հնարավոր ուղիները։