Մարտի 1-ի գործը տաբուի տակ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
«Եթե մեր իրավապահ մարմինները արած լինեին իրենց գործը, ես երբեք երկրորդ անգամ չէի բարձրանա այս ամբիոն եւ հարցը չէի բարձրացնի»,-ասել է նա՝ խոսելով մարտի 1-ի հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախագիծը:
«Դուք այստեղ ասում եք`խոստացա գազի հարցով հանձնաժողով, աշնանը`Նաիրիտի հանձնաժողով, բայց դուք մոռացել եք, որ առաջինը խոստացել եք մարտի մեկի հանձնաժողով ստեղծել»,- դիմելով ԱԺ նախագահին ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հակադարձել է. «Մարտի մեկի հանձնաժողովի հետ կապված դուք իրավաբաններով ընդհանուր հայտարարի չեք եկել, կոալիցիայում մենք որոշում ունեինք հանձնաժողով ստեղծել», ինչին Ջհանգիրյանը պատասխանել է. «Տարաձայնությունները ի հայտ են եկել լիագումար նիստում, հանձնաժողովում որեւէ նման բաներ չեն հնչել, թե դատախազին, քննիչներին չենք կարող հրավիրել խորհրդարան»:
«Մի քանի հարյուր մարդ, որոնք այդ օրերին վիրավորվել էին, մինչ օրս ներգրավված չեն քրեական գործում որպես տուժողներ, նաեւ դրամական փոխհատուցում չեն ստացել, որը նախատեսված է Սահմանադրությամբ»,-արձանագրել է Ջհանգիրյանը:
Նրա խոսքով՝ զոհերի իրավահաջորդները տեղեկություն չունեն, թե արդյոք շարունակվո՞ւմ են օպերատիվ քննչական գործողությունները մարտի 1-ի գործով:



























