Մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաներին հայտնաբերելու, նրանց հետ տարվող աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար ստեղծվել է մինչգերատեսչական աշխատանքային խումբ, որի առաջին նիստը տեղի է ունեցել փետրվարի 7-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում:
Աշխատանքային խումբը ղեկավարում է ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ Խմբի մեջ են նաեւ սոցիալական ապահովության, ՀՀ առողջապահության, գիտության եւ կրթության նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարանների համապատասխան ծառայությունների պետեր:
«Մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաների հարցերով ոստիկանությունը մշտապես է զբաղվում, բայց արդյունքներն ավելի մեծ կլինեն եթե ոստիկանության հետ համագործակցեն շահագրգիռ գերատեսչությունները»,- նիստի ժամանակ նշել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը:
Ոստիկանությունը հաղորդում է, որ եռօրյա ստուգայց- շրջագայությունների ընթացքում հայտնաբերել են ութ մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների:
Ոստիկանների ուշադրության կենտրոնում են հայտնվել մուրացիկ եղբայրներ 11-ամյա Էրիկն ու 16-ամյա Էդգարը: Տղաների՝ մի քանի անգամ ազատազրկված մայրը բազմիցս ոստիկաններին խոստացել է, որ կզբաղվի երեխաներով, բայց միեւնույնն է՝ նրանք կրկին հայտնվում են փողոցում:
Մանրամասները՝ տեսանյութում











