Վաղը՝ փետրվարի 26-ին, Ազգային ժողովում տեղի կունենա «Նաիրիտ» գործարանի հարցով պատգամավորական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «ՀՅԴ» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությունը: Այս մասին փետրվարի 25-ին ԱԺ-ի շենքի մոտ հավաքված «Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներին տեղեկացրեց «ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորի խոսքով` ամենակարեւորն այս պահին «Նաիրիտ» գործարանի եւ աշխատակիցների հետագա ճակատագիրն է:
«Նաիրիտը պետք է աշխատի, պետք է 3000 աշխատողներն ունենան ամենօրյա աշխատանք, այլ ոչ թե հարկադիր պարապուրդի մատնված` ամիսը մեկ նախագահի բողոքի հիման վրա մեկ ամսվա կամ կես ամսվա աշխատավարձով բավարարվեն: Առաջին հիմնական հարցը սա է, մնացած բոլոր հարցերը այս հարցի տակ ածանցվում են»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ իշխանական ուժերն էլ համաձայնել են Աժ-ում մինչեւ աշուն քննարկել «Նաիրիտի» հարցը:
«ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, որը նույնպես դուրս էր եկել հանդիպելու «Նաիրիտի» աշխատակիցներին, ողջունելով ՀՅԴ-ի՝ « Նաիրիտ» գործարանի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, ասաց , որ ոչ իշխանական 4 խմբակցությունները համագործակցելու են «Նաիրիտի» հարցում:
«Ուզում եմ ձեզ խոստանալ 4 խմբակցությունների անունից, որ բոլորս այս հարցում միասնական ենք լինելու եւ «Նաիրիտի» հարցը պահելու ենք մեր մշտական հսկողության տակ: Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ այստեղ հավաքվել եք: Առանց ձեզ մենք այս պայքարն առաջ տանել չեմ կարող»,-ասաց Զուրաբյանը եւ «Նաիրիտի» աշխատակիցներին կոչ արեց մասնակցել նաեւ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ անցկացվող «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիաներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել «Նաիրիտ» գործարանի մասնավորեցմամբ ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեւություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի նախաձեռնությանը:
ԱԺ-ի այսօրվա նիստում նույնպես քննարկվել է «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է ,որ իշխանությունները կողմ են այդ հարցով պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը:











