Մարդկային զոհերի գնով իշխանափոխություն անընդունելի է, սակայն Ուկրաինայի դեպքում դրանում մեղավոր են իշխանությունները, որոնք զենք կիրառեցին մարդկանց դեմ, որոնք երեք ամիս կանգնած մնացին Մայդանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ այդ երեք ամիսների ընթացքում Մայդանում կրակոցներ չեն հնչել, կռիվներ չեն եղել, իսկ հետո իշխանության նյարդերը տեղի տվեցին եւ նրանք անցան կոշտ մեթոդների: «Իշխանությունները փորձեցին մաքրել հրապարակը եւ բախվեցին ժողովրդի բուռն դիմադրությանը: Բոլոր զոհերի, այդ թվում ոստիկանների մահվան համար մեղավորությունն ընկած է իշխանությունների վրա: Մարդիկ իսկապես կանգնեցին իրենց երկրի շահերի համար»,-ասել է ՀԱԿ պատգամավորը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ Ռուսաստան-Արեւմուտք հակադրության արդյունքում Ղրիմն առանձնանա Ուկրաինայից, Արամ Մանուկյանն արձագանքել է, որ բոլոր խաղացողները կարող են իրենց ազդեցությունն ունենալ դեպքերի զարգացման վրա, սակայն եթե կա թիվ մեկ խաղացողը՝ ժողովուրդը, որը դուրս է եկել փողոց պաշտպանելու իր շահերը, ապա մյուսների ազդեցությունն այնքան էլ մեծ չի կարող լինել:  «Տվյալ դեպքում ժողովուրդը ոտքի կանգնեց, իսկ Ռուսաստանը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն սկսեցին պայքարել իրենց շահերի համար, սակայն արդյունքում գլխավոր խաղացողը ժողովուրդն է, որն էլ լուծեց հարցը: Նույնիսկ Ղրիմում ժողովրդի տրամադրություններն այնպիսին է, որ նրանք իրենց համարում են գլխավոր խաղացող եւ դա ամենակարեւորն է: Իսկ Ուկրաինայի բաժանման մասին անգամ չեմ ուզում մտածել»:

Զուգահեռ անցկացնելով Հայաստանի հետ, պատգամավորը նշել է, որ մեր երկրում իշխանությունները կոտրել են ժողովրդի ոգին, այն զգացողությունը, որ հենց քաղաքացին է  գլխավոր խաղացողը: «Դրա վկայությունն է այն, որ մարդիկ հաճախ են ասում, որ պայքարն անիմաստ է, որ ինչ էլ անեն այս իշխանություններից անհնար է ազատվել»: Դա քաղաքացիներին բարոյապես սպանելու մեթոդ է: Դա ոչ միայն հոգեբանական ազդեցություն է, այլեւ սպառնալիքներ, որով ստիպում են մարդկանց լքել երկիրը: Բայց մենք դեռ չենք հասել այն փուլին, երբ քաղաքացիներն այլեւս ոչինչ չեն որոշում: Մենք հրաշալի երիտասարդություն ունենք, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ քաղաքական ուժեր, որոնք մոռանալով տարաձայնությունները, համատեղ ծրագիր են իրականացնում խորհրդարանում: Դա լավատեսություն է ներշնչում, որ քաղաքացիների մետ կարթնանա հույսը եւ զգացողությունը, որ իրենք են երկրի տերերը»,-հայտարարել է Մանուկյանը: