Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շուրջ ստեղծված իրավիճակը զավեշտ է հիշեցնում, գործադիր իշխանությունն իր ամբողջ կազմով՝ վերից վար, հարձակվել է այս համակարգի դեմ հանդես եկողների մոտեցումների եւ անձանց վրա: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ իշխանություններն այդկերպ խախտում են Սահմանադրության բոլոր հնարավոր նորմերը, որոնք որ պարտավորեցնում են գործադիր իշխանությանը գործել միայն օրենքով սահմանված լիազորությունների սահմանում:

«Ավելին, ապատեղեկատվություն ու կեղծ թեզեր են տարածում ու այդ միջոցով ապակողմնորոշում են ոչ գործադիր իշխանություն, բայց փաստացի իշխանություն ունեցող անձանց:

Այս ամբիոնից հայտարարում եմ՝ միջազգային որեւէ լավագույն փորձում նման բան չեք գտնի, միայն այն է, ինչ պարտադրվում է Հայաստանին, եթե ցանկություն ունեք, հանենք տեղեկանքներով ներկայացնենք»,- հայտարարել է Մինասյանը:

Նա ակտիվիստներին եւ գործատուներին կոչ է արել չենթարկվել գործադիր իշխանության ճնշումներին, սադրանքներին: «Մարտի 28-ին նշանակված գործի քննության ընթացքում մի՛ միջամտեք Սահմանադրական դատարանի անաչառությանը, թողեք այս մարմինը կարողանա օբյեկտիվ հենքի վրա կայացնել որոշումներ, հակառակ դեպքում դուք կոտնահարեք նաեւ Սահմանադրությունը»,- ասել է դաշնակցական գործիչը: