Տասնյակ տարիներ առաջ երբեւէ գոյություն չունեցող ավտոմեքենաների տերերն այսօր պարզապես ընկել են ծուղակը: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, հավելելով, որ նրանք, ովքեր ժամանակին պետական համապատասխան ռեգիստրում չեն գրանցել դրանք, հիմա կարող են տուգանվել։
«Օգտվելով էս հնարավորությունից՝ գիտակցաբար, միտումնավոր, մարդկանց քամելու, հատուկ, հասկանալով, որ ուրիշ հնարավորություն չկա, օրենքով ստեղծված ծուղակ է գործում, նոր հնարք է կիրառվել, եւ մարդիկ ստանում են տուգանքի մասին կտրոններ: Սա լրացուցիչ մի պրոբլեմ է դարձել, ես դա բերում եմ որպես մարդկանց մեջքով, թիկունքով շրջվելու Կառավարության գործունեության հերթական դրսեւորում»,-ասել է նա:
Ուրիխանյանն անդրադարձել է նաեւ այլ թեմաների՝ նշելով, «Ի թիվս մարտի մեկի չլուծված ու չբացահայտված պրոբլեմների, ի թիվս «Նաիրիտ»-ի շուրջ առաջացած ու երկար ժամանակ օդում առկախված բոլոր հարցականների, խոսելու ենք օֆշորային սկանդալի հետ մեկտեղ սրա մասին, կուտակային չարաբաստիկ համակարգի ներդրման փորձերի մասին եւ այլն: Եվ եթե այս բոլորի դիմաց պիտի քաղաքական անհամաձայնություն դրսեւորող ինչ-որ ուժերի սպասարկուներ շրջեն ջրատար խողովակները դեպի Ադրբեջան, ուրեմն եզրակացությունները թող մնան հանրությանը»:



























