Պետք չէ քաղաքական շահարկումներով վանել «Նաիրիտի» պոտենցիալ ներդրողներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ մեկնաբանելով «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը:
Նրա խոսքով՝ հանձնաժողով կարելի է ստեղծել, բայց միայն այն ժամանակ, երբ ռուսական ներդրող «Ռոսնեֆտ» ընկերությունն ավարտի բանակցությունները հայկական կողմի հետ:
Այվազյանը նշել է, որ ընդդիմությունը ավելորդ կերպով հայտարարում է «Նաիրիտում» հնարավոր ծախսերի կամ չարաշահումների մասին: «Այնպես որ երկուսից մեկն է՝ յուրացում կամ անօրինական ծախսեր: գոնե մեկ հայց կա՞ իրավապահ մարմիններում: Դուք ինքներդ եք ասում, որ չկա: Իսկ կա՞ սնանկության գործընթաց: Պարզվում է դա էլ չկա»,-հայտարարել է Այվազյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին:
Նրա խոսքով՝ չունենալով փաստեր չի կարելի եզրակացություններ անել: «Թե չէ հասարակության մեջ վերլուծություններ, ամեն տեսակ մտքի թռիչքներ են հայտնվել, որ մենք պետք է ցուցում տանք գործարանի սեփականատերերին, թե ինչպես աշխատել»,-հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը, հավելելով, որ դա քաղաքական շահարկում է, որով միայն վախեցնում ենք պոտենցիալ ներդրողին՝ ռուսական «Ռոսնեֆտ»-ին:
Նշենք, որ ձեռնարկությունը չի գործում 2010-ի ապրիլից: Գործարանի զարգցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 400-500 մլն դոլար: «Նաիրիտի» վերազինումը ներառում է արտադրական գործընթացի վերակառուցում:
2006-ին «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել է Rhinoville ընկերությանը, որը գրանցված է Բրիտանիայում: 2014-ի հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է ԱՊՀ Միջազգային պետական բանկի հայցը՝ Rhinoville Ltd-ից 107,95 մլն դոլար պարտքը գանձելու վերաբերյալ:




























