Ավստրիայի պաշտպանության եւ սպորտի դաշնային նախարարության փոխնախարար եւ պաշտպանական քաղաքականության բաժանմունքի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Բեռնհարդ Բաիրը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ փետրվարի 24-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության ներկա խնդիրներն ու հեռանկարները:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Կողմերը ներկայացրեցին պաշտպանության ոլորտում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձան ոլորտում երկու պետությունների, որպես ծովային ելք չունեցող միավորների, առաջ կանգնած խնդիրների ընդհանրություններին ու տարբերություններին: Ավստրիական կողմը հայկական պատվիրակությանը ներկայացրեց Ավստրիայի դաշնային կանցլերի գրասենյակի, արտաքին գերատեսչության, ներքին գործերի եւ պաշտպանության նախարարության համատեղ մշակած Ավստրիայի անվտանգության քաղաքականության ռազմավարական փաստաթուղթը:

Կողմերն անդրադարձան պայմանագրային զինծառայողների, նրանց սոցիալական արտոնությունների, զորակոչի իրականացման ու ծրագրավորման խնդիրներին: Ավստրիական կողմն իր պատրաստակամությունը հայտնեց խորացնել համագործակցությունը Հայաստանի զինված ուժերի հետ՝ ուսումնամարզական, կրթական ծրագրերում հայ զինվորականների ընդգրկման, Հայաստանում եւ Ավստրիայում զինվորականների համար վերապատրաստման տարբեր դասընթացների կազմակերպման ուղղություններով»: