Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնելը հնարավոր չի համարում: «Եթե անգամ հանրաքվեն տեղի ունենա, այն լեգիտիմ չի լինի: Ոչ ոք չի կարող միակողմանի կերպով զրկել Իսպանիայի բոլոր քաղաքացիներին իրենց ապագան ընտրելու հնարավորությունից»,-ասել է վարչապետը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ հունվարին Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախության հանրաքվե անցկացնելու որոշմանը: Հանրաքվեն նշանակված է այս տարվա նոյեմբերի 9-ին:
Անկախության հանրաքվեի անցկացմանը կողմ է քվեարկել 87, դեմ՝ 43 պատգամավոր, 3 պատգամավոր ձեռնպահ է եղել:
Կատալոնիայի խորհրդարանի կողմից հավանության արժանանալուց հետո, պետիցիա կուղարկվի Մադրիդ, որով կպահանջեն ինքնավար համայնքին հանրաքվե անցկացնելու իրավունք տալ:
Ավելի վաղ Կատալոնիայի կառավարությունը անկախության հանրաքվե է նշանակել նոյեմբերի 9-ին: Այս մասին հայտարարել է Կատալոնիայի վարչապետ Արթուր Մասը: Հանրաքվեի մասնակիցները պետք է պատասխանեն հարցին՝ ուզո՞ւմ են, որ Կատալոնիան լինի պետություն: Դրական պատասխանի դեպքում, կլինի երկրորդ հարցը. «Պե՞տք է արդյոք Կատալոնիան դառնա անկախ պետություն»:




























