ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների գործողություններն իրավաչափ են եղել: Այս մասին ասվում է ԴԱՀԿ հայտարարության մեջ, որն անդրադառնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փետրվարի 24-ին տարածած հաղորդագրությանը:

«ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն արձանագրում է, որ ինչպես հաղորդագրության վերտառությունը, այնպես էլ դրանում ներառված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Ծառայությունը հետեւողականորեն ուսումնասիրել եւ փաստարկված պատասխաններ է ներկայացրել քննարկվող հարցի առնչությամբ շահագրգիռ անձանցից եւ մարմիններից ստացված բոլոր դիմումներին ու գրություններին եւ ձեռնարկել է օրենքով նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով: Նման ընդհանրացված եւ չփաստարկված հրապարակումները կարող են հասարակության շրջանում ծառայության գործունեության հանդեպ չարդարացված որոշակի բացասական վերաբերմունքի տեղիք տալ, ինչն արդեն իսկ մտահոգիչ է»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Արդարադատության նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում անձը զրկվել է իրեն պատկանող գումարից: «Երեւանի բնակիչն իր հարեւանին պարտքով գումար էր տվել, սակայն նա պայմանավորված ժամկետներում չէր վերադարձրել պարտքը: Պարտատերը դիմել էր դատարան եւ դատարանը որոշել էր, որ պարտքի դիմաց նրա հարեւանի գույքի վրա պետք է արգելանք դրվեր, այնուհետեւ հօգուտ իրեն բռնագանձվեր անհրաժեշտ գումարը:Պարտատերը բռնագանձման վերաբերյալ դատարանի որոշումները ներկայացրել էր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (ԴԱՀԿ), սակայն ԴԱՀԿ-ն սահմանված կարգով երեք օր առաջ չէր տեղեկացրել գույքագրման աշխատանքների ժամանակի եւ վայրի մասին, եւ պարտատերը չէր մասնակցել գույքագրման աշխատանքներին: Ինչ վերաբերում է բռնագանձված գույքի ուղղակի վաճառքին, ապա դրա մասին որոշումն ըստ օրենքի պետք է կայացվեր գույքագրման պահին, սակայն տեղի է ունեցել դրանից յոթ ամիս անց»: