Այս տարի նույնպես գյուղացիական տնտեսությունները մատչելի գներով կստանան սերմացու, պարարտանյութ եւ դիզելային վառելիք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Շիրակի մարզ այցելության ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքով՝ շարունակվում է նաեւ ցածր տոկոսադրույքներով գյուղացիներին վարկավորելու քաղաքականությունը: Այս ամենն, ըստ նախարարի, հնարավոր են դարձնում կրկնել գյուղատնտեսության զարգացման նախորդ տարվա բարձր ցուցանիշները:

Խոսելով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» վարկային ծրագրով մարզի 9 համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների մասին, Սերգո Կարապետյանը նշել է, որ կարճ ժամանակում վերջիններս ապացուցել են իրենց տնտեսական շահավետությունը, ուստի եւ անչափ կարեւոր է նշված ծրագրի շարունակելիությունը մարզում: «Առավել մրցունակ ու կայուն անասնապահական համակարգերի կայացմանն օժանդակելու համար ,ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին Շիրակի մարզի եւս 3 համայնքներ ընդգրկել նշված ծրագրում»-նշել է նախարարը:

Այնուհետեւ նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նա «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգեւատրել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանին եւ Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանին:Մարզի գյուղատնտեսության մի շարք առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

Օրվա երկրորդ կեսին նախարարը մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ այցելել է Կառնուտ համայնքում գտվող «Գաբոյան Մուշեղ» ՍՊԸ-ի անասնապահական համալիր,ուր ծանոթացել է նաեւ կարտոֆիլի սերմացուի զտման ու ցանքին նախապատրաստելու աշխատանքներին:

Այցելության վերջին կանգառը Բասեն համայնքում գործող արոտօգտագործողների կոոպերատիվն էր, ուր նախարարը ծանոթացել է պետական աջակցության ծրագրով ստացված գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետությանն ու հնարավորություններին, զրուցել կոոպերատիվի անդամների հետ»: