Հունաստանի DEPA գազային պետական ընկերությունը եւ ռուսական «Գազպրոմը» պայմանավորվել են ռուսական գազի ներկա գնի 15 տոկոսի չափով զեղչի շուրջ: Այս մասին հայտնել է Հունաստանի շրջակա միջավայրի, էներգետիկայի եւ եղանակային փոփոխության հարցերի նախարարությունը:
Նախարարության փոխանցմամբ՝ նոր գինը կգործի 2013-ի հուլիսի 1-ից (հետադարձ ուժով) եւ կկիրառվի մինչեւ 2016 թվականը, որից հետո կերկարաձգվի եւս 10 տարով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Այս փուլում մենք սպասում ենք պայմանավորվածությանը, թե ինչ գնով ենք ռուսական գազն ստանալու: Դա շատ կարեւոր է մեզ համար, քանի որ Հունաստանը 467 դոլար է վճարում հազար խմ գազի դիմաց, մինչդեռ միջին եվրոպական գինը 370-380 դոլար է: Մենք մոտ 25 տոկսով ավելի թանկ ենք վճարում»,-հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոս Կեդիկողլուն:




























