Չինական «Յույտու»(«Լուսնային նապաստակին») լուսնագնացը 2014թ.-ի փետրվարի 22-ին անցել է հանգստի ռեժիմի: Բացի այդ փետրվարի 23-ին հանգստի ռեժիմի է անցել նաեւ վայրէջքի «Չանգե-3» մոդուլը: Նախքան հանգստի ռեժիմի անցնելը լուսնային երրորդ օրվա ընթացքում(մոտ երկու շաբաթ) «Յույտուն» իրականացրել է միայն վիճակագրական ուսումնասիրություններ:

Չինաստանի գիտության, տեխնոլոգիաների ու արդյունաբերության հարցերով ազգային պաշտպանության պետական վարչության(SASTIND) հաղորդագրության համաձայն՝ «Յույտու» լուսնագնացում ռադիոլոկացիոն կայանը, տեսարանների տեսախցիկը եւ ինֆրակարմիր սարքավորումներն աշխատում են սովորական ռեժիմում: 2014թ.-ի հունվարին լուսնագնացի հետ ծագած խնդիրները լուծել դեռ չի հաջողվել: Մինչեւ դրանք կկարգավորվեն, լուսնագնացն անցել է հանգստի ռեժիմի, հաղորդում է «Սինհուան»:

Հիշեցնենք, որ «Յուտուն» Լուսնի վրա վայրէջք է կատարել 2013թ.-ի դեկտեմբերի 14-ին: Հունվարին տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել՝ կապված լուսնային մակերեւույթի առանձնահատկությունների հետ: Ամսվա վերջին սարքն անցել է հանգստի ռեժիմի, իսկ փետրվարի կեսին նրան «արթնացրել են»:

Ընթացիկ տարվա հունվարի կեսին խափանվել է «Չանգե-3» մոդուլի հիմնական գունավոր տեսախցիկը: