Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իշխանության եկած Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել: 

«Կային պարադոքսային առաջարկներ, այդ թվում` բարձր պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ, ինչպես բացահայտ, այնպես էլ մասնավոր զրույցների ժամանակ, սակայն ես, բնականաբար, այդպիսի ծրագրեր չունեմ», - ասել է Սահակաշվիլին` Կիեւից «Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերության հեռարձակած ուղիղ եթերի ժամանակ:

 «Ես ասացի նրանց, որ իմ սիրտն այստեղ է, քանի որ մեր պայքարն այստեղ է, սակայն իմ գոյությունը Վրաստանին է պատկանում: Խորհուրդներով, այն ամենով, ինչ կկարողանամ, կօգնեմ, սակայն այն, ինչ իրենք պետք է անեն, մենք չենք կարող անել, եւ իրենք պետք է արագ բարեփոխումներ անցկացնեն», - ասել է Սահակաշվիլին, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: 

Նա նշել է, որ «հեղափոխության ընթացքում պարբերաբար խոսել է Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ»: