Եղեգնաձորի բժշկական կենտրոնի աշխատակիցներն այս տարի դեռ աշխատավարձ չեն ստացել, բայց նրանցից գանձելու են 5% պարտադիր վճարը:

«Մարդ կա՝ արդեն փետրվարի աշխատավարձն է ստացել, իսկ մեզ դեռ հունվարն էլ չեն տվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի աշխատակիցներից մեկը՝ խնդրելով իր անունը չհրապարակել: Բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անահիտ Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը:

«Առողջապահության նախարարությունն այսօր կփոխանցի, երեւի այս երկու օրվա մեջ կնստի գումարները»,- ասաց նա:

Մեր հարցին՝ արդյոք 1974թ. հետո ծնված աշխատակիցներից գանձվելո՞ւ է կուտակային 5% պարտադիր վճարը, գլխավոր բժիշկը պատասխանեց. «Պահելու ենք, որովհետեւ այսպես թե այնպես եթե օրենքն ընդունվի, ստիպված կլինենք միանգամից երեք ամսվանը պահել: Դրա համար հիմիկվանից կգանձենք, բայց դե շատ չեն երիտասարդ կադրերը»:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք չեն գանձել կուտակային 5% պարտադիր վճարը եւ սպասում են Սահմանադրական դատարանի՝ մարտի 28-ի որոշմանը: