Ուկրաինան հաջողությամբ առաջ կշարժվի, որովհետեւ այս երկրում մշտապես շատ ուժեղ ընդդիմություն է եղել: Այս մասին հայտարարել է Շախմատի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի քաղաքական գործիչ Գարի Գասպարովը:

Նա նշել է, որ Արեւմտյան Ուկրաինան եվրոպամետ է, եւ ուկրաինացի ժողովուրդը «ազատության համար արյամբ հատուցելու» պատրաստակամություն դրսեւորեց:

Ուկրաինայի հիմնական խնդիրը «Պուտինի՝ երկիրը մասնատելու մտադրություններին խանգարելն է» կարծում է Գասպարովը:

Ըստ նրա՝ Պուտինը ցանկանում է իշխել ոչ թե ողջ Ուկրաինայում, այլ դրա մի քանի մարզերում: Գասպարովը ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին կոչ է արել «ոչ թե խոսել, այլ գործել»:

Ընդ որում՝ քաղաքական գործիչը չի կարծում, թե Ուկրաինայի մասերի միջեւ տարաձայնությունները պառակտման կտանեն: «Բայց, իհարկե, պուտինյան ռեժիմը փորձեր կձեռնարկի»:

Գասպարովը նաեւ չի հավատում Ուկրաինայում ինտերվենցիայի հնարավորությանը, բայց նշում է. «Պուտինը վրեժ կլուծի Ուկրաինայում այս պայքարի պարտության համար: Նա պետք է ռուսաստանցիներին ինչ-որ բան ցույց տա՝ որպես հաղթանշան»: Ըստ Գասպարովի՝ դա կլինի Սեւաստոպոլը:

«Ուկրաինայի համար պայքարում պարտվելը Պուտինի միֆի ոչնչացումն է», - հավելել է Գասպարովը El Mundo-ի հետ հարցազրույցում, հայտնում է  Inopressa-ն:

«Ռուսաստանում նման բան չէր կարող տեղի ունենալ:

Ճիշտ է, որ զանգվածային բողոքները կարող էին Պուտինի կրախը ազդարարել, բայց Ռուսաստանում ցույցերը մշտապես խաղաղ բնույթ ունեն: Վախենամ, որ Ռուսաստանի ապագան այսօրվա կոշտ բռնապետության պահպանումն է՝ առանց իրական ընդդիմության: Ուկրաինայում մարդիկ որոշում կայացրին՝ մերձենալ ԵՄ-ին»,- կարծում է Կասպարովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանում «խաղաղ Մայդանի հնարավորություն կար, սակայն էլիտան դավաճանեց գաղափարին»: