Երեւանում երթեւեկության կանոնակարգումով հեծանվուղի կգործի: Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում հերթական քննարկումն է հրավիրվել՝ երթեւեկելի գոտում ամենաաջակողմյան հատվածը համատեղությամբ հեծանվուղու տրամադրելու թեմայով:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանը, Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, Երեւանի քաղաքապետի օգնական, երիտասարդական խորհրդի նախագահ Սամվել Մերթարջյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, Սիրողական հեծանվային սպորտի եւ հեծանվային զբոսաշրջության, ինչպես նաեւ Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիաների նախագահները, սիրողական կարգի հեծանվորդներ։

Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի խոսքով՝ շատ երեւանցիների համար հեծանիվը աստիճանաբար մշտական փոխադրամիջոց է դառնում, հետեւաբար առաջացել է հեծանվային երթեւեկությունը եւս կանոնակարգելու կարիք։

Սամվել Մերթարջյանը ներկայացրել է, որ աշխատանքային խումբը նախապես մշակել եւ առաջարկում է Մատենադարանից Էրեբունի թանգարան հեծանվային երթուղին, որը պետք է համապատասխանաբար գծանշվի ու կահավորվի։

«Ընտրվելով Մատենադարանից Էրեբունի թանգարան երթուղին, Հայաստանի եւ Երեւանի համար կարեւորագույն այս երկու կառույցները ներառելով, հեծանվային երթուղին նաեւ զբոսաշրջությանը սպասարկող բաղադրիչ կդառնա։ Առաջարկվող երթուղին առաջինն է. հաջողության պարագայում, եթե պահանջարկը լինի, կարծում եմ, նոր քննարկումների արդյունքում կարող ենք ընդլայնել երթուղին։ Մենք ուսումնասիրել ենք նաեւ եվրոպական հատկապես այն քաղաքների փորձը, որտեղ հեծանվուղիները ներդրվել են դրանց համար ոչ հատուկ նախատեսված փողոցներում»- նշել է Սամվել Մերթարջյանը։

Երթուղու քարտեզագրման քննարկվող տարբերակները հաշվի առնելով շտկումներ կատարելուց հետո Երեւանի ՃՈ պետի առաջարկությամբ նշված երթուղին փորձարկվելու է՝ քննարկումներին մասնակից Սիրողական հեծանվային սպորտի եւ Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիաների անդամների աջակցությամբ։ Փորձարկումները մեկնարկելու են մարտին։

Ապրիլին Երեւանում նոր տիպի հեծանվային կանգառներ են բացվելու։